շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շահումով խաղի, խաղատան հետ կապ ունեցող մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը. Պապոյան

Շահումով խաղի, խաղատան հետ կապ ունեցող մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը. Պապոյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը: 

«Այսօր կան այնպիսի մեդիաներ, որոնց անվանումը շատ նման է կամ կապվում է  նախկինում գործող օնլայն կամ ոչ օնլայն կազինոների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Եվ կա մտահոգություն, որ այս միտումը կարող է շարունակվել:  Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիայում չի կարող լինել այնպիսի մեդիա, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց՝ սա նշանակում է, որ, եթե կա այդպիսի մեդիա, դրանք ոչ թե պետք է փակվեն, այլ իրենց անվանումը պետք է փոխեն, գործողները պետք է փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում, իսկ նորերն այդպիսի անվանումներով այլևս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն:

Պապոյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում, իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում շատ մեծ նշանակություն են տվել խաղամոլության դեմ պայքարին: Դա ընդգծվում է նաև ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում:

«Եթե գովազդն արգելում ենք, և թույլ չենք տալիս շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա, բնականաբար չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականանալը անուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, բնականաբար, չի կարող թույլատրելի լինել: Մենք շարունակելու ենք մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել ենք, այն է՝ պայքարը խաղամոլության դեմ: Սա մեզ համար հանրային շահի տեսանկյունից ոչ նպատակահարմար ճյուղ է»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց, որ չեն պատրաստվում արգելել դրանք, սակայն պետք է կարողանան խաղամոլության տարածումը կանխել:

  • Կիսվել: