հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պիտի օգտագործենք բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ. նախարար

Մենք պիտի օգտագործենք բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ. նախարար

Արդեն հայտարարել ենք  150 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով աջակցության ծրագրերի ներդրման մասին, որոնք բաժանված են 2 մասի: Առաջինը՝ արագ արձագանքման միջոցառումներն, իսկ երկրորդ փուլում իրականացվելիք միջոցառումներն ավելի երկարատև են, որոնց մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի, թե ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել համաշխարհային տնտեսության մեջ: Այս մասին «Ազատություն» Ռ/Կ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքները չեզոքացման կառավարության  աջակցության միջոցառումներին:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ նախարարության ծրագրերով մոտավորապես 6 հազար տնտեսավարող սուբյեկտներ ֆինանսավորվել են, որից 5 հազարը ֆինանսավորվել են միկրովարկերի համար:

Նախարարն անդրադարձավ նաև գազի գնին և ասաց, որ գազի գնի փոփոխությունները մշտապես լինելու են իրենց կողմից, հասարակության կողմից ամենից շատ քննարկվող թեմաներից:

«Ընդհանրապես, տնտեսությունն է այդպիսին, բոլոր ռեսուրսներն են ժամանակի մեջ ունենում գնի փոփոխություն. մենք մի դեպքում ավելի շատ ուշադիր ենք, ավելի շատ ենք նկատում դա: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից, այսինքն` եթե արևի, քամիների ռեսուրսը կարողանանք ավելի շատ օգտագործել, ավելի քիչ կախված կլինենք նաև գազի և այդ եղանակով էլեկտրամատակարարման գնի փոփոխություններից»,-ասաց նա:

Խաչատրյանը անդրադարձավ նաև «Վալեքս գրուպ»-ին վերաբերող հարցին, որի ֆինանսական տնօրենը եղել է նախարարը, և իրենից հետո ընկերությունում ստեղծվել է ֆինանսական ճգնաժամ: Դիտարկմանը, թե այդ ընկերությունը տարիներ շարունակ խաբել է պետությանը` թաքցնելով իրական արդյունահանման ծավալները, նախարարը պատասխանեց, որ դա որևէ մեկի գործողությունների արդյունքում չի եղել: Նա ասաց. «Ոչ էլ դա անգործության հետևանք է եղել: Եղել է շուկայական որևէ պայմանների արդյունքում առաջացած հետևանք: Ես ամենևին չեմ կարծում, որ իմ նախկին մասնագիտական գործունեությունը կարող է որևէ կերպ ազդել այն պատասխանատվության և անելիքների վրա, որոնք ես այսօր ունեմ»:

  • Կիսվել: