ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պետք է գտնենք իրական կարիքավորներին ու օգնենք վճարել հոսանքի վարձը․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է գտնենք իրական կարիքավորներին ու օգնենք վճարել հոսանքի վարձը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում  775 հազար էլեկտրական էներգայի բաժանորդներից այս պահի դրությամբ անջատվել է 4300 բաժանորդների հոսանքը, իսկ գազի 623 հազար բաժանորդներից 736 –ի գազն է անջատվել: Այդ մասին այսօր «Զրույց քաղաքացու» հետ թեմայով ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ, անջատվել է այն բաժանորդների էլեկտրաէներգիան, ում պարտքը 30 հազար դրամից ավելի է, իսկ գազի վճարը կազմել է 80 հազար և ավելի դրամ։

Կառավարության ղեկավարը այս թվերից եզրակացրել է, որ որոշ մարդիկ պարզապես չեն ցանկացել վճարել՝ դրսևորելով «սպեկուլյատիվ վարքագիծ»։

«Այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու և չեն վճարում, այո, նրանց հոսանքը պետք է անջատվի։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ սոցիալապես անապահովների շվաքի տակ, փորձում են գումարը պահել գրպանում, որ իրենց տաք լինի, կամ բիզնես ունեն, տանում են ծախսում բիզնեսի վրա։ Բայց դա կարող է հանգեցնել էներգետիկ կոլապսի», - հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իշխանությունները ասում են, որ արտակարգ դրության պայմաններում գազն ու էլեկտրաէներգիան չեն անջատվի, վարչապեստը նկատեց․ «Այո, այդ մասին հայտարարել ենք։ Այդ ժամանակ մենք հույս ունեինք, որ դուրս կգանք այս իրավիճակից։ Բայց հիմա ո՞վ կարող է ասել՝ որքան կտևի այս վիրուսով պայմանավորված ճգնաժամը։ Մեր հաշվարկներով, մենք առնվազն մեկ տարի այս ճգնաժամի մեջ ենք լինելու։ Մինչև մյուս տարվա մարտ ամիսը, հետևաբար եթե մենք ասենք, որ այդ ճգնաժամի ժամանակ մարդիկ պետք է կոմունալներ չվճարեն, էդ նշանակում է, որ ասենք՝ երկրում հոսանք չի լինելու»։

Այդուհանդերձ, Փաշինյանը խոստավանեց, որ իրական կարիքավորներին դժվարանում են տեղորոշել։ Նրա խոսքով, էլեկտրաէներգիայից զրկված 4300 բաժանորդների մի մասը իրական կարիքավորներ են։ «Մենք պետք է գտնենք իրական կարիքավորներին ու օգնենք վճարել հոսանքի վարձը», - հավելեց Փաշինյանը։ Նրա խոսքով, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններն իրենք էլ պարտքեր ունեն, իրենք էլ աշխատողներ են պահում և իրենք էլ պետք է վճարումներ կատարեն, հետևաբար եթե վարձերը չհավաքվեն կառաջանան մեծ խնդիրներ։

«Մեր նպատակը հետևյալն է՝ այն մարդկանց, ովքեր ունեն խնդիր, բայց չունեն վճարելու հնարավորություն, օգնենք, իսկ այն մարդկանց, ովքեր ի վիճակի են վճարել, բայց չեն վճարում, մենք չենք օգնի», - ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: