հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը. Տիգրան Խաչատրյան

Մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը. Տիգրան Խաչատրյան

Մենք մինչև այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակներում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում կամ ապահովում ենք, որ այդ ծառայությունները մատուցվեն: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական։  Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ գլխավոր նպատակն այն է, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը լինեն այս համակարգի շահառուներ. «Երրորդ կարևոր հարցն այն է, որ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է, որը պահանջում է մի շարք ուղղություններով կարևոր աշխատանքներ և այս բարեփոխումների մեկնարկը դրա սկզբի հայտարարումն է: Առողջապահության նախարարությունը նախորդող տարիների ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հետևողական քայլեր է ձեռնարկել և մենք ունենք մշտապես զարգացում այդ ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք, որ եթե նույնիսկ քաղաքացիների որոշ շրջանակներ պետք է համակարգին միանան տարիների ընթացքում, այնուամենայնիվ մենք հնարավորույթյուն ենք տալու, որ իրենք, գնահատելով մատուցվող ծառայությունների որակը, կամավոր ցանկություն հայտնեն և միանան համակարգին ավելի շուտ, քան դա նախատեսված է իրենց համար Կառավարուփյան այդ փուլային բարեփոխումների ժամանակացույցով: Մենք նախատեսում ենք, որ այս բարեփոխումը պետք է ուղեկցվի Կառավարության կողմից գալիք տարիների ընթացքում ոլորտին հատկացվող ֆինանսավորման զգալի ավելացմամբ:

Մենք հասկանում ենք, որ ներկա փուլում սա հայեցակարգային քննարկման և հայեցակարգը հաստատելու շրջանակն է, որ ներկայացված է քննարկման և հաստատման, բայց նաև կողմնորոշում է այն տեսանկյունից, որ մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք ներկայում առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը՝ ընդգծելով հանրային առողջության կարևորությունը»:

  • Կիսվել: