շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք և հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու Փաշինյան

Մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք և հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու Փաշինյան

Գործադիրն այսօրվա նիստում  հաստատեց Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները:

Որոշման ընդունումը բխում է հավանության արժանացած «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախավորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպմանը և մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատմանը։ Արդյունքում՝ կկազմակերպվի և կանցկացվի թափանցիկ և բաց մրցույթ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրեց, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր էր:

«Այս մրցույթի կարգը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն: Եթե առաջարկվի իր նախկինում առաջարկված գնից ցածր գին՝ «Մասդար» ընկերությունը հնարավարություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0.1 ցենտ պակաս գնով իրականացնել նախագիծ: Եթե կառաջարկվի այնպիսի գին, որը ցածր կլինի այնքան, որ «Մասդար» ընկերությունը չի կարողանանա 0.1 ցենտի չափով ավելի ցածր գին առաջարկել՝ նշանակում է կհաղթի այն ընկերությունը, ով առաջարկել է ամենացածր գինը»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ նման պրակտիկա ՀՀ-ում չի եղել, և հույս կա, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ: Վարչապետի խոսքով՝ պետք է փորձել այսպիսի մրցութային կարգերը կիրառել հնարավորինս լայն, որպեսզի մրցակցությունը պահպանվի:

«Այս պարագայում մենք համոզված կլինենք, որ ունենք օբյեկտիվ գին, որ ուրիշների հնարավորություններն չենք սափմանափակել և, ի վերջո, ստացել ենք ամենաշահավետ առաջարկը Հայաստանի Հանրապետության համար, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի տնտեսական իմիջի համար: Եվ սա շատ հստակ ուղերձ է բոլոր հնարավոր ներդրողներին, որ մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք և հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու Հայաստանի Հանրապետությոնում և ամեն ինչ անում ենք այդ ներդրումների անվտանգությունը ապահովելու համար:

Կարծում եմ՝ մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարևոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք: Իհարկե, այստեղ էլ կա խնդիր. 2018 թվականի ամռանից այս թեման քննարկվում է, ես մի քանի հանձնարարականներ եմ տվել: Շատ կարևոր է ընտրել ճիշտ մոդելը, որպեսզի այն աշխատի: Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչեւ հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով. մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, և համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: