հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք հրաժարվում ենք ռուսական վարկի մի մասից. Փաշինյան

Մենք հրաժարվում ենք ռուսական վարկի մի մասից. Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որի համաձայն, ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար:

Ինչպես նիստում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում»  ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլա դրամաշնորհ):

Նրա խոսքով, արդեն 2018թ-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ:

«Մենք նախ ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում պետական բյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին՝ 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ, և 2022-ին՝ 13 մլրդ դրամ:

Նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր:

«Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը: Վերահսոկղություն իրականացնելու  նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի պատշաճ ժամանակին ավարտելու համար»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։

«Եւ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել:

Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Դա ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որոնք ձեռք էինք բերում նախկին պայմաններով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան՝ տվել։

«Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձևակերպված է նախարարի առաջ, որը միանշանակ պետք է հստակ կատարվի»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: