Մենք էլ ունենք տվյալներ, որ 80 հազարից ավել մարդ ամեն օր օգտվում է նոր համակարգից. Գալջյանը՝ Մարությանին
Դեմ ենք քվեարկելու միանշանակ մեկ ուղեւորությունը 100 դրամ սահմանող նախագծին: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Նշենք, որ նախագիծը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, իսկ զեկուցողը այդ խմբակցությունից Արամ Թորոսյանն է:
«Զեկուցող պարոն Թորոսյանը հարցերին փաստացի չի կարողանում պատասխանել, մասնավորապես մի ընդդիմադիր խմբակցությունն ասում է՝ ինքնարժեքը 65 դրամ է, մյուս ընդդիմադիր խմբակցությունը նախագիծ է բերում 100 դրամի: Այսինքն իրենք իրենց հակասում են:
Մենք ասում ենք՝ ինքնարժեքը 203 դրամ է, սահմանում ենք սակագին 150 դրամ, մնացածը սուբսիդավորում ենք: Իրենք ասում են՝ ինքնարժեքը 65 դրամ է, բայց ինքնարժեքից թանկ 100 դրամով սանկագին են բերում: Դրանից հետո, որևէ քննարկում անիմաստ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ 80 հազար մարդ ստորագրել է այս նախագծի օգտին, Գալջյանն ասաց. «Նախ պետք է հաշվի առնել, ոնց են այդ ստորագրությունները իրենք հավաքել, մարդկանց ինչ են ասել: Շատ կադրեր կան, որտեղ մարդկանց 300 դրամի մասին են սկսում պատմել, մարդը 300 դրամը լսելով բնականաբար ստորագրում է:
Ցանկացած քաղաքացի, երբ որ լսում է՝ ինչ-որ բանի գինը բարձրանում է, բնական է դեմ է արտահայտվելու, այսինքն այդտեղ ստորագրություններ հավաքելը շատ հեշտ բան է: Բայց դրանից բացի, այսօր մենք ունենք տվյալներ, որ 80 հազարից ավել մարդիկ ամեն օր օգտվում են այս նոր համակարգից, այսինքն եթե այդպես թվերով խոսենք, ես էլ կարող եմ ասել դուք ունեք 80 հազար ստորագրություն, մենք էլ ունենք պաշտոնական տվյալներ, որ 80 հազարից էականորեն ավել մարդ ամեն օր օգտվում է»:
Գալջյանը սկզբում չհամաձայնեց, որ մարդիկ ավտոբուսում խցկված են տեղափոխվում, իսկ երբ իրեն առաջարկեցին միասին առավոտյան գնալ կանգառներ, նա ասաց. «Ես գիտեմ, որ խնդիրն եր կան, եթե ամեն ինչ իդեալական լիներ, չէինք ասի, որ այս տարի 45 տրոլեյբուս ենք ձեռք բերում, չէինք ասի, որ ևս 250 ավտոբուս է պետք»:
Պնդմանը, որ կարելի էր բարեփոխումն ավարտել, էնոր թանկացնել, ինչին ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց. «Դրա համար պետք է օրինակ մանկապարտեզների ծախսը կրճատեինք, 120 բակերի բարեկարգումը չանեինք, վերելակները չանեինք»: