հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մելքումյանը՝ համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասների մասին

Մելքումյանը՝ համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասների մասին

Ես կորոնավիրուսը համարում եմ աղետ։ Այն լրջագույն հարված է հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ համաշխարհային տնտեսությունը մոտ 424 միլիարդ դոլար կորուստ է ունեցել վերջին 20 օրում:

Պատգամավորն ասաց, որ Հայաստանում կան խոշոր ընկերություններ, որոնք դուրս են գալիս երկրից: «Այդ ընկերությունները համակարգային նշանակության, հեռահաղորդակցության ոլորտի, մեքենաշինական, լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն ընկերություններն են։ Դրանց մի մասն արդեն վաճառվել են։ Դրանք այն ընկերություններն են, որոնց հիմնական բաժնետերերը գտնվում են Հանրապետությունից դուրս, սա հիմնականում մեկ-երկու խոշորագույն երկրների ներդրումային նախագծերն են այստեղ։ Խորհրդակցելով տարբեր մասնագետների հետ՝ եկանք այն եզրահանգմանը, որ ցածր շահութաբերության հետ է կապված։ Խոսքը հարյուր միլիոնավորների շահույթի մասին է, ոչ թե 10 կամ 20, եւ 5 տոկոս նվազեցումն էլ էական նշանակություն է ունենում։ Մի մասը դիմել է Հանրային ծառայությունների հանձնաժողով, մյուս մասը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով»,-նշեց նա։

Նա հավելեց, որ իր համար տարօրինակ է, երբ այսպիսի պայմաններում խոսվում է տնտեսական աճի մասին: Մելքումյանի խոսքով՝ տնտեսական ոլորտում այդ դեպքում կենտրոնացումներ կլինեն, իսկ դա, նրա խոսքով, նշանակում է, որ այն շուկաներում, որտեղ կար 5 կամ 6 խաղացող, արդեն կմնա 2 կամ 3-ը, որտեղ կա 2 կամ 3-ը կարող է մնալ մեկը։

  • Կիսվել: