շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկնարկեց «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագիրը

Մեկնարկեց «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագիրը

Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 18-ին ազդարարվեց «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանիայի «Կարիտաս» և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

Ինչպես մեկնարկին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ որպես թիրախ են ընտրվել Շիրակի մարզը, չգազաֆիկացված համայնքները: Շիրակի մարզն այս պահին ունի ավելի քան 50 չգազաֆիկացված բնակավայր:

«Որպես ծրագրային գործողություն ներառված է Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 340 ընտանիքների, ինչպես նաև 4 համայնքապատկան կառույցների արևային համակարգերի տեղադրման, 190 ընտանիքների համար ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում: Բացի այդ, ծրագիրը նաև կրթական բաղադրիչ է ներառում՝ ավելի քան 4 000 երեխաների և երիտասարդների հետ կրթական և մասնագիտական դասընթացների անցկացում՝ բնապահպանության, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության վերաբերյալ»,- տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով նաև հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականին:

  • Կիսվել: