ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ այն պլաստիկե տոպրակների մասին է:  Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել էր լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը կիրառվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ:
 
Այսպիսով, նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
 
Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ:

  • Կիսվել: