Մեկ տարում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան
2022թ. պետբյուջեի եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով։ Այս մասին այսօր՝հունիսի 12-ին, Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2022թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ֆիննախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2022թ. սկզբին եկամուտների կանխատեսումը 1 տրլն 947 մլրդ դրամի սահմաններում էր։ Սակայն մեկ տարում դրանք ավելացել են 110 մլրդ դրամով։ «Նախատեսված ծախսերը կազմել են 2 տրլն 184 մլրդ դրամ, ավելացել են 103 մլրդ դրամով։ Արդյունքում՝ նախատեսված դեֆիցիտը կրճատվել է 6,5 մլրդ դրամով»,- հավելել է Վահե Հովհաննիսյանը։
Խոսելով 110 մլրդ դրամով եկամուտների ավելացման մասին՝ նախարարը հայտնել է․ «Հարկային մուտքերը կազմել են 81 մլրդ դրամ, իսկ այլ ծախսերը՝ 51 մլրդ դրամ։ Իսկ պաշտոնական դոտացիաները նվազել են 21,9 մլրդ դրամով։ Նկատվել է նաեւ մաքսատուրքի նվազում, ինչը կապված է ներուծման ծավալի փոքրացման հետ ԵԱՏՄ տարածքում»։