շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

2020 թ. հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի Կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։

Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը:

Բացի այդ, 2020 թ. հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած և ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու:

Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:

Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի համաձայն` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Ծննդօգնության պետական հավաստագրերը տրամադրվել են առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը առողջապահության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած և 2020 թ. հունվարի 1-ից քաղաքացիներին ծննդօգնության պետական հավաստագրեր չեն տրամադրվում: Ընդ որում, ծննդօգնության ծառայությունը պետության կողմից գերազանցապես մատուցում է անվճար (փոխանակման քարտերի հիման վրա): Արդյունքում, անձինք չեն կարողանում իրականացնել մայրության նպաստի իրենց իրավունքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած և հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:

  • Կիսվել: