չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024

Մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները. Ավինյան

Արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ»:

Պարետն ասաց, որ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

  • Կիսվել: