ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիսի 4-ից հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը, սակայն  տրանսպորտի արգելքը դեռ կպահպանվի

Մայիսի 4-ից հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը, սակայն տրանսպորտի արգելքը դեռ կպահպանվի

Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվանից հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը:

«Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան»,- ասաց նա։

Սակայն, ըստ փոխնախարարի, տրանսպորտի արգելքը կպահպանվի. «Դա պայմանավորված է նրանով, որ կան որոշակի ռիսկեր համավարակի տարածման հետ կապված»։

Վարող Սիմոնյանը հայտնեց, որ մնում են որոշ սահմանափակումներ, որոնք վերաբերում են մանրածախ ու մեծածախ առևտրին, գրեթե չեն լինելու սահմանափակումներ մեծածախ ու մանրածախ առևտրում, միայն պահպանվելու է  սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում։ Այսինքն՝ մոլերն ու հանրախանութները փակ են լինելու, իսկ իրենց տարածքում գործող սննդի, պարենային ապրանքների խանութները, դեղատները, գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն։

Սահմանափախումներ չեն լինի նաև մշակվող արդյունաբերության բոլոր գործունեության տեսակներում։ Դա նշանակում է, որ տեքստիլի, կոշիկի, կահույքի արտադրությունը կգործի։

Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ չսահմանափակված գործունեության վերաբերյալ ուղեցույցներ կլինեն: Ցանկացած ոլորտ, կախված իր գործունեությունից, կունենա ուղեցույց ու սանիտարահամաճարակային  իրավիճակով պայմանավորված նոր կանոններ, որոնք կվերահսկվեն տեսչական մարմինների ու համապատասխան գերատեսչությունների կողմից։

Նրա խոսքով, ուղեցույցներն ու կանոնները կհրապարակվեն Կառավարության կայքում, կգործեն թեժ-գծեր հարցերի, խորհրդատվության համար։

  • Կիսվել: