շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասնագիտական քննարկում է կայացել բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Մասնագիտական քննարկում է կայացել բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը հրավիրված են եղել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և քաղաքաշինության ոլորտում մեծ փորձառություն ունեցող, ՀՀ շինարարության նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են կարգավորման այն տարբերակները, որոնք կոմիտեն նախատեսում է մշակել՝ շահագործման հանձնելուց հետո նորակառույց բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումն ու պահպանումն ապահովելու համար:

Շեշտադրվել է այդ ուղղությամբ կառուցապատողների պարտականություններն օրենսդրորեն ամրագրելու և պատասխանատվության միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինման խնդրին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կոմիտեի նախաձեռնած համակարգային բարեփոխումները: Պայմանավորվել են հավաքագրել վերհանված խնդիրների լուծումների վերաբերյալ ասոցիացիայի անդամների առաջարկները: Հանդիպման մասնակիցները կներգրավվեն նաև թեմայի վերաբերյալ քննարկմանը Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա նիստում:

  • Կիսվել: