կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մարզային իշխանությունները կանգնած են մեր կողքին․ Գյումրու ԲԿ տնօրեն

Մարզային իշխանությունները կանգնած են մեր կողքին․ Գյումրու ԲԿ տնօրեն

Կարևորելով մարզային բժշկությունը և առողջապահության ապակենտրոնացումը ՝ InfoPort.am-ը շարունակում է ներկայացնել մարզային բկ-ների զարգացման ուղին, մատուցվող ծառայությունները և ապագայի տեսլականները։ Այս անգամ մեր զրուցակիցն է Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Ներկայացնելով ԲԿ-ի զարգացման ուղին՝ տնօրենը նշեց, որ ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշմամբ նախատեսվել է միավորել Շիրակի մարզային «Սամարիթեր» և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և թերապեւտիկ ծառայությունները՝ ստեղծելով մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ: 2022 թվականին մահճակալների թիվը հասել է 282-ի՝ «Գյումրու  ծննդատուն», «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց», «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր», «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերությունների միավորման արդյունքում:

Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում։  Շինարարությունը մեկնարկել է 2010 թվականին։

Տնօրենը հատուկ շեշտեց, որ Գյումրու բժշկական կենտրոնի նորակառույց շենքը բարձր սեյսմակայությունամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չփանիշներին համապատասխանող կառույց է։

Առաջին հարկում տեղակայված է ընդունրանը և անահետաձգելի բժշկական օգնության ծառայությունը, ախտորոշիչ բաժանմունքը՝ կահավորված ժամանակակից սարքավորումներով, հեմոդիալիզի բաժանմունքը, լաբորատոր ծառայությունը, ինչպես նաեւ ադմինիստրացիան և հիվանդանոցային դեղատունը։ Առաջին հարկում նաև գործում է նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոնը։

Երկրորդ հարկում տեղակայված են նյարդաբանական, սրտաբանական և ինտերվենցիոն սրտաբանության ծառայությունները, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքները։

Երրորդ հարկն ամբողջովին հատկացված է վիրաբուժական բաժանմունքին, որտեղ տեղակայված է 3 վիրասրահից կազմված վիրահատական բլոկը՝ հետվիրատահական ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով։ Բաժանմունքը հագեցված է նաև էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքվորումներով։

Չորրորդ հարկում գործում են թերապևտիկ բաժանմունքը, ակնաբուժական ծառայությունը։ Հարկում տեղակայված 1 և 2 տեղանոց հիվանդասենյակներ սպասարկում են թերապևտիկի և վիրաբուժական բաժանմունքի հիվանդներին։ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենքը ևս վերանորոգվել և հագեցվել է նորագույն սարքավորումներով։ Ֆրանսիայի Actions Santé Femmes – ASF  հասարակական կազմակերպության և Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գործող Մայրության դպրոցի համագործակցության շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են  ուսուցողական հանդիպումներ ապագա մայրիկների, ինչպես նաև բուժաշխատողների հետ, որոնց ընթացքում քննարկվում են ապագա մայրիկներին անհանգստացնող բազմաբնույթ հարցեր։

Խոսելով մատուցվող ծառայություններից՝ Իսահակյանը նշեց, որ գլխամասում մատուցվում են արտահիվանդանոցային՝ ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական), նյարդաբանական, ֆունկցիոնալ ախտորոշիչ, ներզննական, բժշկական ընդհանուր պրակտիկա, քիթ-կոկորդ-ականջաբանական, ընդհանուր վիրավուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական)), թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում,գինեկոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ (դենսիտոմետրիա),ընտանեկան  ստոմատոլոգիական, ուռուցքաբանական ծառայություններ։

Հիվանդանոցային ծառայություններն են՝ ներքին բժշկական, նյարդաբանական, սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, ընդհանուր վիրաբուժական (մ), ուրոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, նյարդավիրաբուժական, ներզզնական, վիրաբուժություն, ակնաբանական, քիթ-կոկորդ ականջաբանական, անոթային վիրաբուժական, պրոկտոլոգիական, կրծքային վիրաբուժական, դիմածնոտային վիրաբուժություն, այրվածքաբանական, հեմոդիալիզական, մանկական քիթ-կոկորդ ականջաբանական, քիմիոթերապիա։

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մատուցվում են մանկաբարձագինեկոլոգիական, նեոնատոլոգիական, մանկաբարձական, գինեկոլոգիական, անեսթեզիոլագիական /մ և մ/, վերակենդանացման/մ և մ/, պերինատոլոգիական, ներզատագինեկոլոգիական, վերարտադրողական, փոխներարկումային, ֆունկցիոնալց ախտորոշիչ, ճառագայթային ախտորոշիչ(ուլտրաձայնային), լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական բիոքիմիական սերոլոգիական, իմունոլոգիական, սնկաբանական), կլինիկական դեղորայքային ծառայություններ։

Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայում կատարվում են ախտաբանաանատոմիական, լաբորատոր ախտորոշիչ (հյուսվածքաբանական, բջջաբանական) անալիզներ։

Ինֆեկցիոն բաժանմունքում բուժվում են հիվանդանոցային տուբերկուլյոզային /ֆտիզիատրիկ/, վերակենդանացման, վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտները։

Տնօրենը ընդգծում է, որ Գյումրու բժշկական կենտրոնը մատուցում է ժամանակակից, որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ Գյումրի քաղաքի, Շիրակի և հարակից մարզերի բնակչությանը։ Տարեկան կտրվածքով ամբուլատոր սպասարկված հիվանդների թիվը կազմում է 35 հազ, ստացիոնարում 15 հազ, արդյունքում շուրջ 12 հազ  պացիենտների հոսքը դեպի մայրաքաղաք կրճատվել է՝ կենտրոնի բազմապրոֆիլ սպասարկում կազմակերպելու շնորհիվ։ Գյումրու բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Կենտրոնում գործում են նաև նորաբաց նյարդաբանական և ուռուցքաբանական բաժանմունքները, որտեղ ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն կաթվածով և օնկո-ախտորոշմամբ տեղափոխված հիվանդներին, ովքեր այլևս կարիք չունեն հասնել մայրաքաղաք՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

Խոսելով առկա խնդիրների մասին՝ Իսահակյանը նշեց, որ հիմնականում մարզային բուժհաստատությունները չունեն  նեղ մասնագիտացված բաժանմունքներ, ինչի պարագայում մեկ դեպքը կփոխհատուցվի ավելի բարձր սակագներով և կխթանի բուժհաստատության ֆինանսական դեֆիցիտի ծածկումը և նաև նոր բուժսարքավորումների ձեռբերումը, օր.՝ քիթ-կոկորդ-ականջաբանական կամ ուրոլոգիաան ծառայությունները ֆինանսավորվում են ընդհանուր վիրաբուժական ծառայության մատուցման կազմում, սակայն առանձին, որպես բաժանմունք, գործելու պարագայում, ըստ կառավարության որոշման անհրաժեշտ է համապատասխան մասնագետների քանակի ապահովում, որը մարզերում դժվար է իրականացնելը , ինչպես նաև համապատասխան բուժսարքավորումների ձեռք բերում, որը, ելնելով մարզային կառույցների ֆինանսական վիճակից  անհնար է կազմակերպել միանգամից։

Նա նշեց, որ ոլորտի համակարգումը հանձնված է մարզային իշխանություններին, որոնք միջնորդում կամ ձեռնամուխ են լինում շատ անլուծելի հարցերի կարգավորմանը, ինչպես նաև նպաստում են պետական միջոցների հաշվին անհատույց տրամադրվող բուժսարքավորումների և դեղորայքի ձեռքբերմանը։ «Ամփոփելով խոսքս կարող ենք արձանագրել, որ հնարավոր ամեն ձեւեով  մարզային իշխանությունները կանգնած են մեր կողքին»,- եզրափակեց Իսահակյանը։

  • Կիսվել: