ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարությանը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին. պատգամավոր

Մարությանը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին. պատգամավոր

Այսօր ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ Երևանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվության մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Համայնքների համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար՝ բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել  yerevan.am համացանցային կայքով»։

Պատգամավորն անդրադարձավ նաև նվիրատուի անձնական տվյալների պաշտպանությանը և ասաց, որ սահմանվել է, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:

Նշենք, որ նախագծի հեղինակներն են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանն ու Սոնա Ղազարյանը:

  • Կիսվել: