ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով

Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով

Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի նոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ Այս մասին այսօր Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները կսպասարկեն այն երթուղիները, որտեղ «Գազելներն» այլևս շահագործման ենթակա չեն, և մարտի 1-ին այդ գծերը փակվելու են։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե արդյոք գործընթացն առաջիկայում կշարունակվի, Թարփոշյանը պատասխանեց, որ ապրիլի 1-ին և մայիսի 1-ին նոր ավտոբուսները կսկսեն սպասարկել ևս 4 երթուղիներ։

Հիշեցնենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021–ի դեկտեմբերի 12–ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի: Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:

  • Կիսվել: