շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոռու մարզպետի մոտ քննարկվել են թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները

Լոռու մարզպետի մոտ քննարկվել են թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի Մեդովկայի դպրոցը և Վանաձորի թիվ 23, 27, 9, Ստեփանավանի ավագ, Ագարակի դպրոցների մարզադահլիճները կառուցող՝ «Տ-Քնսթաքշն» և Հագվիի դպրոցը կառուցող «Նավասարդ շինարար» շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ կառույցներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկելու և դրանց ժամկետները հստակեցնելու նպատակով:

Մարզպետի աշխատակազմից  հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել նաև Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Մեդովկայի դպրոցի տնօրեն Սուսաննա Ավդալյանը:

Հովհաննես Ավետիսյանը, ըստ դպրոցների, մարզի ղեկավարին է ներկայացրել արձանագրված թերությունները:

Շինկազմակերպությունների ներկայացուցիչները նշել են խնդիրների պատճառները և խոստացել ամենասուղ ժամկետներում ավարտել աշխատանքները, որից հետո մարզի ղեկավարը շրջայց կիրականացնի՝ վերջնաարդյունքը գնահատելու նպատակով:

Ինչ վերաբերում է Վանաձորի թիվ 9 և Ագարակի դպրոցների մարզադահլիճների շահագործմանը (ավարտը նախատեսվում էր 2023թ. դեկտեբերին), նրանք նշել են, որ պարտավորվում են շինարարությունն ավարտել մինչև մարտ ամսվա վերջ:

«Աշխատանքները ոչ պատշաճ կատարելու բազմաթիվ պատճառաբանություններ կարող են լինել՝ սկսած նախագծումից, մինչև ամենամանր դետալներ, սակայն, որպես մարզի ղեկավար, իմ մոտեցումն այն է, որ գործի մեջ, անկախ դրա բնույթից և ծավալներից, չեն կարող լինել մանրուքներ,- ասել է Ա. Ղազարյանը:

Մարզպետն այս առումով կարևորել է նաև ճիշտ համագործակցությունը բոլոր պատասխանատու և շահագրգիռ կառույցների միջև, ինչպես նաև ամենօրյա խիստ վերահսկողությունը: Նա նշել է, որ հիմա ու այսուհետ ևս պատրաստ է ամենօրյա ռեժիմով աշխատել շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ, աջակցել ընթացիկ աշխատանքներում ծագած խնդիրների լուծմանը:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը՝ ընգծելով, որ պետական միջոցները պետք է տնօրինվեն արդյունավետ և ծառայեն իրենց բուն նպատակին:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այցի ժամանակ բարկացեծ էր՝ տեսնելով, որ անորակ կախիչներ ու ցնցուղներ են կիրառվել շինարարության մեջ:

  • Կիսվել: