ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիճքի հանքի շահագործումը կառաջացնի կլիմայի ու ներգնա տուրիզմի հետ կապված խնդիրներ․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը մեղրեցիների ակցիայից մանրամասներ է ներկայացնում

Լիճքի հանքի շահագործումը կառաջացնի կլիմայի ու ներգնա տուրիզմի հետ կապված խնդիրներ․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը մեղրեցիների ակցիայից մանրամասներ է ներկայացնում

Այսօր՝ ապրիլի 5-ին, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Լիճքի պղնձի հանքի շահագործման դեմ և տապալել հանրային լսումները։

Բնակիչները հանքը բացելու հետ կապված որևէ բան չեն ցանկանում լսել, իրենց դիրքորոշումը հստակ է՝ հանքը չպետք է շահագործվի։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, ասաց Մեղրի խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։

«Բնակիչները հանքի արդյունահանման հետ կապված իրենց մտահոգությունները բավականին պարզ են արտահայտել՝ հասկացնելով, որ քննակման առարկա չի կարող դառնալ այդ ծրագիրը, այսինքն՝ նրանք դեմ են ցանկացած ձևաչափի քննարկման։ Ինքս չունեմ երկրաբանական նեղ մասնագիտացում, բայց մի բան ակնհայտ է՝ Մեղրու գրեթե ամբողջ շրջանը թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի համար օգտվում է Այրիջուր (Զվար) և Մեղրի գետերից, իսկ հանքը գտնվում է անմիջապես այդ գետերի մեջտեղում։ Ես չեմ կարող պատկերացնել մի այնպիսի լուծում, որը կարող է նվազեցնել վտանգի ռիսկերը կամ դրանք մոտեցնել 0-ի»,- ասաց նա։

Հայրապետյանն ընդգծեց, որ ջրային ավազանի աղտոտման խնդրից բացի՝ հանքի շահագործումը կառաջացնի նաև կլիմայի ու ներգնա տուրիզմի հետ կապված խնդիրներ:

«Լիճքը վերջին տարիներին մեծ թափով սկսել է զարգանալ որպես տուրիստական կենտրոն, պարզ է, որ հանքի շահագործման դեպքում տուրիզմի էջը միանգամից պետք է փակել, որովհետև հանքարդյունաբերությունը տուրիզմի հետ անհամատեղելի է»,-նշեց ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ իր և «Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը համընկնում է բնակիչների դիրքորոշումների հետ՝ հանքը չպետք է շահագործվի:

Արմեն Հայրապետյանը նաև նշեց, որ նախկինում, երբ հանքը շահագործելու հարցը կրկին քննարկվում էր, բնակիչները հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը և կազմակերպել ստորագրահավաք։

«Կարծում եմ՝ այսքանով կսահմանափակվեն այս տարածքում հանքարդյունաբերության մասին խոսակցությունները, որովհետև բանկիչները չեն ուզում լսել, թե մյուս կողմը ինչ է առաջարկում»-, ասաց նա:

  • Կիսվել: