երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ

Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանի պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները:

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ՝ օրենսդրությամբ սահմանված, պայմաններն ու ցուցումները:

«Տնտեսվարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ: Առաջարկն ընդունվել է, և այսուհետ ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: