երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Լավ նախարար եմ». Ավանեսյանն ասաց, թե ինչու պաշտոնին չի վերականգնվում «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրենը

«Լավ նախարար եմ». Ավանեսյանն ասաց, թե ինչու պաշտոնին չի վերականգնվում «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրենը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը չի վերականգնվում պաշտոնին։

«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա»,- պարզաբանեց նախարարը։

Հարցին, թե արդյոք փոփոխությունը հատո՞ւկ է կատարվել, որ Մանուկյանը չկարողանա վերականգնել պաշտոնը, Ավանեսյանը ընդգծեց․ «Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։

Նախարարը շեշտեց, որ բոլոր գործընթացներն արվում են օրենքի շրջանակներում, որևէ հակասություն չկա․ «Ամեն անգամ շեշտվում է իմ՝ իրավաբան լինելու հանգամանքը։ Չեմ կարծում, որ տեղին է դա, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարի է՝ զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ։ Քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի մասնագիտականի հետ»։

Հարցին՝ լա՞վ իրավաբան է, թե՞ լավ կազմակերպիչ, նախարարը նկատեց․ «Լավ նախարար եմ»։

Հիշեցնենք՝ Մանուկյանը 2023 թվականի ապրիլի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով։ Վերջինս, սակայն, նույն թվականին դատարանում ներկայացրած հայցով վերականգնվել է պաշտոնում։ Դատարանը նախարարությանը պարտավորեցրել է Մանուկյանին վճարել նաև նախատեսված ողջ աշխատավարձը։

  • Կիսվել: