Ինչո՞ւ է ձգձգվել Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը. ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2023-ի դեկտեմբերի վերջ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված և փոփոխված «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 4 գրության ստորագրման առաջարկությանը:
Նշենք, որ «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրն (60 մլն եվրո) ուղղված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի ներքո Լանջիկ-Գյումրի 27.47 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորմանը:
Ծրագրի շրջանակներում կնքվել են շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության իրականացման պայմանագրեր, որոնցով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. դեկտեմբերին, մինչդեռ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ էականորեն ազդել են դրա ավարտման ժամկետի վրա:
Մասնավորապես, ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհի ծրագծի վրա գտնվող Բենիամին համայնքում հայտնաբերվել է հնագիտական տեղամաս, և անհրաժեշտություն է առաջացել՝ վերանայելու նախագիծը և շրջանցելու նշված հատվածը, իրականացնելու ազդակիր լրացուցիչ հողամասերի օտարման գործընթաց, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել աշխատանքների իրականացման նախնական ժամանակացույցի վրա:
Բացի այդ, համաձայն կապալային պայմանագրի դրույթների՝ կապալառուի կողմից 2022թ. աշխատանքները կասեցվել էին մոտ 8 ամսով՝ ԵՆԲ ֆինանսավորման հետաձգման պատճառով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայում նախատեսվում է վերոհիշյալ ֆինանսական պայմանագրի թիվ 4 փոփոխությունը, որով վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը: