ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կուտակային կենսաթոշակային համակարգը, ֆոնդերի կառավարումն ու եկամտաբերության խնդիրը. փոխնախարար

Կուտակային կենսաթոշակային համակարգը, ֆոնդերի կառավարումն ու եկամտաբերության խնդիրը. փոխնախարար

Կուտակային կենսաթոշակային համակարգը, ֆոնդերի լառավարումն ու եկամտաբերության խնդիրը: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Վերջին 2 օրերին շատերի կողմից քննարկվում է Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունը, և մասնավորապես ուշադրության է արժանացել 2022-I եռամսյակի բացասական եկամտաբերությունը։

Մինչ եկամտաբերության խնդրին անդրադառնալը՝ նախ ամփոփ ներկայացնենք, թե ինչպիսի կառուցվածք ունի Կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչպես է այն գործում։ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված 2 կազմակերպություն. ֆրանսիական ծագումով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիան»։ Ակտիվների այս կառավարիչներն ունեն տասնամյակների պատմություն ու փորձ, կառավարում են ահռելի ծավալների ակտիվներ։

Որպեսզի ավելի պատկերավոր լինի՝ փաստենք, որ օրինակ Amundi-ին աշխարհի ակտիվների ամենախոշոր կառավարիչների 10-նյակում է, շարքում է այնպիսինների կառավարիչների, ինչպիսիք են ամերիկյան JPMorgan Chase & Co.-ն, Goldman Sachs-ը, գերմանական Allianz-ը, շվեյցարական UBS-ը և այլն։ Ամունդիի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ $2 տրիլիոն։

Հայաստանում Amundi-ACBA Asset Management-ին և C-Quadrat Ampega Armenia-ը մասնակիցներիս և պետության կողմից կատարված հատկացումները ուղղում են որոշակի եկամտաբերություն ունեցող ակտիվներում, կառավարում դրանք՝ նպաստելով ֆոնդերի միջոցների աճին։ Կառավարիչները կուտակային միջոցները կառավարում են 3-ական ֆոնդերում՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։

Միջոցների մոտ 98%-ը գտնվում են պահպանողական ֆոնդերում։ 2021-IV եռամսյակի ամփոփված տվյալներում կուտակային ընդհանուր միջոցները կազմել է ավելի, քան 480 մլրդ դրամ ($1 մլրդ), որում մոտ 390 մլրդ-ը մասնակից-պետություն վճարած հատկացումներն են, իսկ 90 մլրդ դրամը ձևավորվել է ներդրումներից բերած եկամուտներից։ Այսինքն համակարգը վերջին 8 տարիներին ապահովում է դրական եկամտաբերություն, չնայած, որ եղել են և դեռ կլինեն ժամանակահատվածներ, երբ այն բացասական արդյունք կգրանցի, որի պատճառների և գործոնների մասին կխոսենք ստորև։

Ներդրումների շուրջ 67%-ը ՀՀ դրամով տեղաբաշխված է Հայաստանում՝ պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում և կորպորատիվ թղթերում, իսկ մնացած շուրջ 33%-ը՝ արտարժույթով (հիմնականում USD և EUR) արտասահմանյան արժեթղթերում, այդ թվում՝ մասնավոր խոշոր կազմակերպությունների բաժնային արժեթղթերում, պարտքային արժեթղթերում և այլն։

Այստեղ շատ կարևոր է արձանագրել արտարժույթով կատարված ներդրումների այն փաստը, որ կենսաթոշակային ֆոնդերում գոյացած միջոցները հաշվետվություններում (այդ թվում՝ յուրաքանչյուրիս մասով ձևավորվող) արտահայտվում են ՀՀ դրամով, այսինքն նախորդ ժամանակահատվածի համեմատ փոխարժեքի տատանումը կարող է դրամային արտահայտությամբ առաջացնել բարձր եկամտաբերություն և հակառակը։

Փորձենք օրինակով ներկայացնել. դիցուք եռամսյակի տվյալներով Վահեի կենսաթոշակային հաշվին առկա է 5 մլն դրամ, իսկ հաշվետու օրվա դրությամբ դոլարի փոխարժեքը 517 դրամ է, և այլ գործոններն անփոփոխ լինելու պարագայում, եթե հաջորդ եռամսյակի հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքը գրանցի 476 արժեքը, ապա Վահեն կունենա բացասական եկամտաբերություն՝ -130,851 դրամի չափով (հաշվի առնելով, որ Վահեի միջոցների 33%-ը կամ 1,65 մլն դրամի միջոցները ներդրված են արտարժութային ակտիվներում, որը նախորդ եռամսյակում կազմել է $3,191՝ 517 դրամ փոխարժեքի պայմաններում):

Հետևաբար, եկամտաբերության մասին տեղեկատվությունը ստանալիս պետք է ուշադրություն դարձնել և համեմատական տանել վերջին և դրան նախորդող եռամսյակների հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքների միջև. էական տատանումը էական ազդեցություն կունենա եկամտաբերության վրա։

Այսօր, կուտակայինի մասնակիցներս, անուղղակի ձևով բաժնետերեր ենք այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Google-ը, Honda-ն, Samsung-ը, Nestle-ն և շատ ու շատ համաշխարհային հսկաներ։

Թե ինչպես է աշխատում արժեթղթերի շուկան՝ կարծում եմ շատերն արդեն պատկերացում ունեն, դրանք ֆինանսական տարբեր գործիքների միջոցով ապահովում են որոշակի եկամտաբերություն, ինչպես նաև բաժնետոմսի գնի բարձրացում՝ նաև գնաճով պայմանավորված, սակայն ամենատարբեր պատճառներով ամենահզոր կազմակերպության արժեթղթերը կարող են նույնիսկ գնանկում գրանցել՝ պատճառ կարող է դառնալ ՀՀ տնտեսությունում և համաշխարհային տնտեսություններում բարձր գնաճերը, վատատեսական սպասումները, շուկայում անկայունություններն ու անորոշությունները, պատերազմները, տեխնոլոգիական փոփոխությունները, սանկցիաները, ընդհուպ մինչև անհիմն բամբասանքներն ու դատական խոշոր հայցերը, օրինակները բազմաթիվ են։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ ցածր կամ նույնիսկ բացասական եկամտաբերությունը որևէ կապ չունի պետության՝ կենսաթոշակային համակարգին ուղղությամբ իրականացվող գործողությունների հետ, և պետությանն ուղղված քննադատություններն ու մեղադրանքները ֆոնդերի միջոցների տնօրինման, կառավարման, և դրա հետևանքով գրանցած եկամտաբերության հարցում հիմնազուրկ են, իսկ երկարաժամկետ հատվածում եկամտաբերությունը եղել է և կլինի կայուն դրական՛՛։

  • Կիսվել: