երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կուկուռուզնիկ»-ը կվերադարձվի հանրությանը. տեղի ունեցավ վերականգնման նախագծի շնորհանդեսը

«Կուկուռուզնիկ»-ը կվերադարձվի հանրությանը. տեղի ունեցավ վերականգնման նախագծի շնորհանդեսը

Երիտասարդական պալատը կվերականգնվի նույն տեղում և նույն ճարտարապետական տեսքով, բայց ժամանակակից լուծումներով. հանրությանը ներկայացվեց  Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը:

Պալատի վերականգնման նախաձեռնության հեղինակներն են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն, որոնք շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել՝ մեկնարկելով  «Երևանի զարգացման հասարակական նախաձեռնություններ» նախագիծը։ Երիտասարդական պալատի վերականգնմանն աջակցում է նաև  «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ինչպես  Երիտասարդական պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։

Նա նշեց, որ բոլորի սիրելի «Կուկուռուզնիկ»-ի վերակառուցմամբ երևանցիներին վերադարձվում է իրենց լավագույն նվիրական հուշերը.

«Շատերն այստեղ սիրահարվել են, որոշներն այստեղ ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր առաջին անգամ ռոք են լսել, Երիտասարդական պալատը շատերն են սիրել, բայց եղել են նաև չսիրողները և ցավում եմ, որ նրանցից  որոշներն ունեցել են նաև իշխանություն և կայացրել են որոշում վերացնելու ճարտարապետական այս հրաշք կոթողը: Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալը՝ վերականգնելով Երիտասարդական պալատը, վերադարձնել երևանցիներին»,- ասաց Թանդիլյանը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն անդրադառնալով Երիտասարդական պալատի քանդման հարցին, նշեց, որ մասնավորը, որը ձեռք է բերել կառույցը, բազմաթիվ օրենսդրական խախտումներ է թույլ տվել՝ սկսած պայմանագրից: Ըստ դրա՝ 3 տարվա ընթացքում 5 միլիոն դոլար ներդրում պետք է  իրականացվեր, որը չի արվել և կեղծ փաստաթղթերի հիման վրա ապամոնտաժվել է Երիտասարդական պալատի շենքը:

«Մենք արդեն 20 տարի է քայլ առ քայլ գնում ենք նրան, որ բացահայտվի ապօրինի գործընթացը և առաջին քայլն այն եղավ, որ դատախազությունը հաստատեց  առաջին խախտումը, և ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում այլ հարցեր ևս առաջ կգան: Նշեմ, որ նախագիծը այժմ նախնական փուլում է, հայրիկիս կողմից ժառանգություն ստացած հին  գծագրերին համապատասխան վերականգնվել է եռաչափ մոդելը, որից հետո կսկսվի ինժեներական մշակումը, այն կարող է տևել մինչև մեկ տարի: Այժմ մշակվում է նաև հետագա կոնցեպտը և քայլ առ քայլ կգնանք առաջ»,- ասաց Թարխանյանը:

Նա նշեց, որ լավագույն սցենարի դեպքում երկու տարի անց  Երիտասարդական պալատը պատրաստ կլինի: Մեկ կամ երկու տարի էլ անհրաժեշտ կլինի ներքին հարդարման աշխատանքների համար:

Միջոցառման հատուկ հյուրն էր «ՆԵՄՐԱ» բենդը։

  • Կիսվել: