ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կստեղծվի հաշվեկշռման ծառայություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Էներգետիկայի մասին օրենքում փոփոխությանը

Կստեղծվի հաշվեկշռման ծառայություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Էներգետիկայի մասին օրենքում փոփոխությանը

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է համակարգում ներդնել հաշվեկշռման ծառայություն: «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը նշեց, որ առաջին կարևոր հարցը, որ փորձում են լուծել նախագծով, հաշեկշռման ծառայության ներդրումն է:

«Այսօրվա կարգավորումների շրջանակում  էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և դրանց սպառող ընկերություններն աշխատում են շուկայական հարաբերությունների և պայմանագրերի հիման վրա: Էլեկտրամատակարարման համակարգերը նույնիսկ ազատ մրցակցային գաղափարախոսությամբ աշխատելու պարագայում ունեն մի ինքնատիպություն. դրանք տեխնոլոգիական առումով ամբողջական են: Եվ դա բերում է նրան, որ պայմանագրերով նկարագրվածից որևէ փոփոխություն պետք է ունենա գնահատական և ազդեցություն»,-նշեց փոխնախարարը:

Կտրուկ շեղումներ թե գերարտադրության, թե թերարտադրության առումով չեն կարող լինել,  ինչի կարգավորման համար կա էներգետիկական համակարգի օպերատոր, որը բոլոր գործիքակազմն ու հնարավորություններն ունի այդ շեղումները մոնիթորինգի ենթարկելու և արագ արձագանքելու համար: «Այս օրենքի նախագծով մենք ստեղծում ենք հաշվեկշռման ծառայությունը, որի երկրորդ կարևոր բաղադրիչը պետք է լինի էլեկտրաէներգաարտադրող մի կառույց, որը կկարողանա այս տատանումները հաշվեկռել, այսինքն՝ գերարտադրության դեպքում իր վրա վերցնել այդ ծանրաբեռնվածությունն ու վերաբաշխել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտահանել, և այդ գերարտադրությունը չեզոքացնել սեփական արտադրության նվազեցմամբ»,-ասաց փոխնախարարը:

Տերտերյանը կոնկրետ օրինակ բերեց՝ եթե օրինակ համակարգի դինամիկ հավասարակշռությունը 100 միավոր է, այդ թվում՝ այդ ընկերության 30 միավոր մասնակցությամբ, և կա 10 միավոր գերարտադրություն, օպերատորի ազդանշանի պարագայում լիազորված ընկերությունն իր 30-ը կտրուկ իջեցնում է 20-ի՝ պահելու դինամիկ հավասարակշռությունը:

Փոխնախարարը վստահեցրեց՝ ընկերությունը որևէ կերպ չի տուժի, իր արտադրածի գնով կստանա փոխհատուցում: Տերտերյանի խոսքով՝ որպես օպերատոր, որը պետք է մատուցի այդ հաշվեկշռման ծառայությունը, տեսնում են Երևանի ՋԷԿ-ին:

Էլեկտրոմոբիլների և էլեկտրական քարշակային ագրեգատորներ ունեցող տրանսպորտային միջոցների լիցքավորումը ևս կանոնակարգվել է նախագծով: «Մենք դա դիտարկել ենք որպես էներգիայի երկրորդային սպառում: Դա չի մտնում այս շուկայական կարգավորումների մեջ: Հակառակ դեպքում՝ կամայական լիցքավորման կետը պետք է դիտվեր որպես էներգիայի սպառող»,-ասաց նա:

  • Կիսվել: