Կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր անտառվերականգնման ոլորտում․ նախկին նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բավարարվել է Հայաստանի կողմից 2019-ին ներկայացված հայտը և Հայաստանի անտառների վերականգնման և գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի աջակցման համար Հայաստանը կստանա 10 միլիոն դոլար դրամաշնորհ։
Նա, մասնավորապես, նշել է․
«Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից երեկ՝ օգոստոսի 19-ին, բավարարվել է Հայաստանի կողմից 2019-ին ներկայացված հայտը և Հայաստանի անտառների վերականգնման և գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի աջակցման համար Հայաստանը կստանա 10 միլիոն դոլար դրամաշնորհ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար, որը կիրականացվի ՄԱԿ Պարենի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ-ի կողմից,
Այս ծրագիրը տարբերվում է այլ «թղթային» դրամաշնորհներից, քանի որ վերջինիս շրջանակներում հազարավոր հեկտարներով անտառվերականգնման իրական աշխատանքներ կկատարվեն և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ աշխատանք կստանան անտառների վերականգնման գործընթացին ներգրավվելով»։