հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա

Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ 

Միայն վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ՝ տեղեկացնում է նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում շահառու են եղել Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն, Եղվարդ, Սարչապետ և Ախթալա համայնքները։ Տրամադրված աջակցությունը բազմազան է և ներառում է անվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր և այլն, ընդհանուր առմամբ` 50 միավոր տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։ 

 

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության,  Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ 

Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ են լինելու նաև առաջիկա ամիսները, գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով  այլ համայնքների՝ տեղեկացնում է նախարարությունը:

  • Կիսվել: