հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոստանյանը 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2021 թ․ պետբյուջեի նախագծում ընդգրկելու համար ներկայացրել է 8 առաջարկ

Կոստանյանը 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2021 թ․ պետբյուջեի նախագծում ընդգրկելու համար ներկայացրել է 8 առաջարկ

ԱԺ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետության 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2021 թ․ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար ներկայացրել է 8 առաջարկ: 

Նա, մասնավորապես, նշել է.

՛՛ԱՌԱՋԱՐԿ 1
«ՀՀ գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում կամ հիմնանորոգում կամ նոր շենքի կառուցում։ Մասնակի բարեկարգման համար անհրաժեշտ է ընդամենը 19.212.000 (տասնինը միլիոն երկու հարյուր տասներկու հազար) դրամ։ Իսկ թե ինչու պետք է այս դպրոցը գոնե մասամբ վերանորոգվի կամ հիմնովին կառուցվի, կարող եք կարդալ ստորև տեղադրված նկարի ԱՌԱՋԱՐԿ 1-ում։

ԱՌԱՋԱՐԿ 2
Օշականի մշակույթի տան վերանորոգում, նախատեսվում է վերանորոգել Օշականի մշակույթի պալատի դահլիճի բեմը, ապահովել բեմի լուսավորությունը, ջեռուցումը և վերանորոգել հանդերձասրահները։ Պահանջվում է 1,700,000 ՀՀ դրամ հանդերձարանի, լուսավորության ու բեմի բարեկարգման համար, 4.000.000 ՀՀ դրամ` ամբողջական ջեռուցման համակարգի անցկացման համար։

ԱՌԱՋԱՐԿ 3
Սհմանապահ ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂԻ մշակույթի տան ամբողջական կապիտալ վերանորոգում, որի համար պահանջվում է մոտ 22․7 մլն դրամ։ Կապիտալ վերանորոգումը հնարավորություն կստեղծի համայնքում ապրող երեխաների ապահով ապագայի համար և կնպաստի համայնքի համաչափ զարգացմանը՝ ըստ «Համայնքների հավասարաչափ զարգացման» ծրագրի։

ԱՌԱՋԱՐԿ 4
Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան 94 ավագ դպրոցի կոսմետիկ վերանորոգում, որի համար (ըստ նախնական հաշվարկների) անհրաժեշտ է մոտ 20 մլն դրամ։ Դպրոցն ունի 50 տարվա պատմություն, երբեք չի վերանորոգվել, իսկ գույքն օգտագործվում է 1968 թվականից ի վեր։

ԱՌԱՋԱՐԿ 5
Կառուցել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Մեծ Մուրադ»-ի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացնելու համար նախատեսված սպորտդահլիճ, իսկ դպրոցն առնվազն մասնակի վերանորոգել։ Դպրոցի մասնակի և խիստ առաջնային բարեկարգման համար կպահանջվի մոտ 30 մլն դրամ։ Սպորտդահլիճի կառուցման և դպրոցի բարեկարգման համար անհրաժեշտ ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 80 մլն դրամ։

ԱՌԱՋԱՐԿ 6
Վերանորոգել Վաղարշապատի Հ.Հովհաննիսյանի անվան 3 հիմնական դպրոցը, որը վերանորոգվել է 2009-2013 թթ. ընթացքում, սակայն դպրոցի դրսի մարզահրապարակը չի վերանորոգվել և մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում։ Դպրոց հաճախում է 480 աշակերտ և ֆիզկուլտուրա առարկան միաժամանակ մի քանի դասարաններում անցկացվելու համար դրսի մարզահրապարակ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է: Վերոնշյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ։

ԱՌԱՋԱՐԿ 7
Կառուցել խաղահրապարակ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքաի Չարենցի փ․ 6-րդ շենքի հարակից տարածքում։ Այս խնդրանքով՝ ինձ են դիմել այդ շենքի բնակիչները, ովքեր պնդում են, որ իրենց շենքի երեխաները զուրկ են խաղալու համար նախատեսված տարրական պայմաններից, ինչի պատճառով երեխաները ստիպված փոողոցում են խաղում։ Առաջարկում են տարածքում նախատեսել մարզասարքեր, ինչպես Երևան քաղաքի մի շարք համայնքներում, որոնք կօգնեն երեխաներին մարզվել, նպաստել երեխաների ակտիվ մարզական և բակային կյանքին։

ԱՌԱՋԱՐԿ 8
ՀՀ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մեջ նախատեսել «2020 թվականի բյուջեի նախագծի» մեջ իմ կողմից տրված առաջարկը՝ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈՍՊՈՐՏԻ (OFF-ROAD MOTORSPORT), «ԴՐԻՖԹԻՆԳ» ԱՎՏՈՍՊՈՐՏԻ, «ԴՐԱԳՌԵՅՍԻՆԳ» ԱՎՏՈՄՐՑԱՎԱԶՔԻ համար նախատեսված համալիրի կառուցում։ Սրա մանրամասների մասին կներկայացնեմ հաջորդ գրառման մեջ՛՛։

 

  • Կիսվել: