Կոչ եմ անում` երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցիալական կրեդիտ եք հետ ստանալու. Փաշինյան
Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք աշխատում են և նրանց աշխատավարձի համար հաշվեգրված է եկամտային հարկ և մարդիկ հայտարարագրվող ժամանակաշրջանում ծախսեր են արել այս ուղղություններով: Այդ դեպքում մարդիկ հայտարարագիրը ներկայացնելուց հետո, սոցիալական այդ ուղղությամբ արած ծախսերից մինչև 100,000 դրամ կարող են ետ ստանալ: Այսինքն իմաստը հետևյալն է, մարդը աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց նաև զուգահեռ ծախս է արել կառավարության սահմանած ուղղություններով, հիմա կառավարությունը տեսնում է, որ հայտարարագրում մարդը այդ ծախսը արել է, ասում է, որ մինչև 100,000 դրամ մենք վերադարձնում ենք»:
Փաշինյանը նկատեց, որ սա վերաբերում է նաեւ այն անձանց, որը տուն է վարձով տվել եւ դրանից եկամտային հարկ է վճարել:
«Այստեղ մի կարևոր նրբություն կա, որ այս գումարները վերադարձնում են մարդու վճարած եկամտային հարկից։ Այսինքն եթե մարդը այլ ծրագրերով, օրինակ, հիփոթեքային վարկի հայտնի ծրագրով, եկամտային հարկի վերադարձ է ունեցել, այս 100 000 սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ իր վճարած եկամտային հարկի մնացորդ դեռ գոյություն ունի»:
Փաշինյանը թվարկեց, թե որ ծախսերի դեպքում է քաղաքացին հետ ստանում գումարները. «Ուսման վարձ, քոլեջում ուսման վարձ, վճարովի դպրոցում ուսման վարձ, մանկապարտեզի վճար, առողջապահության ապահովագրություն: Հիմա այս նոր որոշմամբ արդեն նաեւ երաժշտական դպրոցի, արվեստի դպրոցի, գեղարվեստի դպրոցի, պարարվեստի դպրոցի, արտադպրոցական կազմակերպությունների ամենատարբեր կրթական ծրագրերի ծախսերը: Ասենք գնացել են լեզվի, սպորտի, ինժեներական խմբակ, IT խմբակ և այլն: ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Այս բոլոր ուղղություններով մարդիկ կարող են իրենց վճարած գումարները համընդհանուր հայտարարագրման արդյունքում ետ ստանալ։
Եթե մարդը վճարել է մինչև 100,000 դրամ, ըստ էության ամբողջությամբ հետ է ստանում իր վճարած վճարը։ Եթե վճարել է դրանից ավել, մեկը էլի հետ է ստանում 100,000 դրամ»,- ասաց Փաշինյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին իրենց երեխաներին ուղարկել տարբեր խմբակներ, որը թույլ կտա հետ ստանալ դրա համար արված վճարները. «Մարդկանց ասում եմ՝ երեխեքին տարեք սպորտի, տարեք նկարչության, տարեք պարի, ամենատարբեր խմբակների, և մենք մինչև 100000 դրամը այդ վարձից կփոխհատուցենք»: