Խոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ տարածք հիմնականում Ռուսաստանից ներկրվող խոզերի քանակական սահմանափակումը ժամանակից շուտ վերացվեց։
Հիշեցնենք, որ 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի` ՀՀ ներմուծման վրա ժամանակավոր քանակական սահմանափակում էր դրվել 2025 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Այս ժամանակահատվածում Հայաստան կարող էր ներկրվել ոչ ավելի քան 25 000 հատ կենդանի խոզ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թ. նոյեմբերից մինչև 2025 թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլին հայկական դրամի համեմատությամբ արժևորվել է 23,7 %-ով, և քանի որ կենդանի խոզերը ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, ապա նույնքան ավելացել է կենդանի խոզերի ներկրման ծախսերը, ինչը կենդանի խոզերի ներկրումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ։
«Դա զգալիորեն նվազեցնում է տնտեսավարողների շահագրգռվածությունը՝ կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ 2025 թ. հունվարի 1–ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում՝ խոզամայրերինը՝ շուրջ 1300-ով»,– ասված է հիմնավորման մեջ։
Արդյունքում, միայն 2025 թ. ՀՀ–ում ավելի քան 28 հազար խոճկորի քանակը կամ խոզի մսի արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով (խոզի մսի տարեկան միջին ցուցանիշից շուրջ 10 %–ով պակաս)։
Կառավարության վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ներքին շուկայում կառաջացնի խոզի մսի դեֆիցիտ, որին կհաջորդի խոզի մսի գնաճ։