Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես են եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Բաբկեն Թունյանը բավականին լավ ցուցանիշ է համարել նախորդ տարի արձանագրված 5,9 տոկոս տնտեսական աճը:
Անդրադառնալով պետական պարտքի ավելացման հարցում հնչող քննադատություններին՝ պատգամավորը նշել է. «Եթե նայենք, թե ինչի հետեւանքով է պետական պարտքն աճել, ապա կտեսնենք, որ պարտքի հիմնական աճը տեղի է ունեցել քովիդի եւ 2020 թվականի պատերազմի հետեւանքով, որովհետեւ առողջապահական, սոցիալական եւ բազում այլ խնդիրներ կային, եւ մենք այդ ընթացքում ունեինք բիզնեսի ակտիվության ու հարկային եկամուտների նվազում եւ միեւնույն ժամանակ ծախսերի աճ»:
Բաբկեն Թունյանի խոսքով մեր համախառն ներքին արդյունքը 2024 թվականին գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Պատգամավորը հիշեցրել է, որ այն 2018 թվականին եղել է 6 տրիլիոն դրամ: «Մենք հետհեղափոխական շրջանում համախառն ներքին արդյունքի 70 տոկոսանոց աճ ենք ունեցել»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը շնորհավորել է Արվեստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարի Պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» վեցամսյա ցուցադրությունը, որն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է ունենալ նոր ցուցադրություն:
Նախարարն անդրադարձել է Կառավարության ծրագրով համապատասխան ոլորտներում սահմանված թիրախներն իրականացնելու տեսանկյունից գրանցած արդյունքներին:
Զեկուցողները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:
Ապրիլի 15-ի ԱԺ վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: