կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև առկա է անհաղթահարելի անջրպետ․ Սամվել Մանուկյան

Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև առկա է անհաղթահարելի անջրպետ․ Սամվել Մանուկյան

Արդի Հայաստանի ներքին իրավիճակի հիմնական առանձնահատկությունը դրա անկայունությունն է, որը պայմանավորված է չորս հիմնական գործոններով: Նման կարծիք Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված «Ետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» «ուղեղային գրոհի» ժամանակ հայտնեց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:

Ըստ նրա` խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև առկա է անհաղթահարելի անջրպետ, որն ըստ ընդդիմադիր ուժերի հայտարարությունների և նախընտրական ծրագրային դրույթների, բացառում է որևէ համագործակցություն։

«Հայաստանի և նրա անվտանգության ըստ էության միակ երաշխավորի՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավերի միջև շարունակվող անվստահությունը։

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ընկալում են երկրի սուվերենության ցածր մակարդակը, սակայն նրանց նշանակալի մասի փաստացի գործողությունները մեծացնում են անվստահությունը Հայաստանի և Ռուսաստանի վերնախավերի միջև։

Հայկական բանակի վերականգնումը ժամանակին համահունչ և իր դաշնակցային պարտավորությունների իրականացման համար բավարար հզորությամբ, լավագույն դեպքում պահանջում է առնվազն երկու-երեք տարի»,- նշեց փորձագետը։ 

Ըստ Մանուկյանի` ներկայումս արդեն չի վիճարկվում, որ Հայաստանն ունակ չէ ինքնուրույն՝ առանց որևէ գերտերության հովանավորության, ապահովել իր անվտանգությունը թուրք-ադրբեջանական վտանգից և, միաժամանակ ակնհայտ է, որ մոտակա տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և, հետևաբար, արտաքին կողմնորոշման առաջին գերակայություն՝ այլընտրանք չունի։ Այս փաստն արտացոլված է  խորհրդարանական երեք ուժերի ծրագրերում։

«Այդուհանդերձ, կուսակցությունների ծրագրերում երկրների և միջազգային կազմակերպությունների միջև գերակայությունների բաշխման հարցում առկա են էական տարբերություններ։

«Քաղաքացիական Պայմանագրի» համար արտաքին քաղաքական երկրորդ գերակայությունը ԱՄՆ-ն է։ Նրան հետևում են ԵՄ-ն և ԵՄ երկրները, որոնց շարքում առանձնահատուկ նշվում է Ֆրանսիան։ Ընդ որում, կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ հետ հարաբերությունները բարձրացվելու են «ռազմավարական երկխոսության մակարդակի»։ Այդ կոնտեքստում, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական փաստաթղթերում ՌԴ-ն սահմանել է որպես թշնամի պետություն, պետք է ենթադրել, որ Հայաստանի և իր անվտանգության հիմնական երաշխավորի՝ ՌԴ-ի վերնախավերի միջև առկա անվստահությունը շարունակվելու և, հավանաբար, խորանալու է։

Կարճ ձևակերպմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» արտաքին կողմնորոշումն է Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ։

Այդ ռազմավարական մոտեցումը կերկարաձգի հայաստանյան ոչ միայն ներքին, այլև արտաքին անկայուն իրավիճակը՝ լրջորեն դժվարացնելով իշխանության նախընտրական ծրագրի իրականացվելիության մակարդակը։ Այդ պրոցեսը որոշ չափով կարող է կոմպենսացվել գործադիր իշխանությունում համապատասխան կադրային նշանակումներով։

«Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության երկրորդ և երրորդ գերակայությունները Հայաստանի հարևաններն են՝ Վրաստանը և Իրանը։ Չորրորդը՝ Չինաստանն է, որին հետևում են միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները միավորված են մեկ խմբում և ունեն բավական ցածր՝ 6-րդ գերակայությունը։ Կարճ ձևակերպմամբ՝ «Հայաստան» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարևանները և Չինաստանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի արտաքին քաղաքական երկրորդ գերակայություն է Ռուսաստանի Դաշնության գլխավորած տարածաշրջանային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Երրորդ և չորրորդ գերակայություններն են՝ Վրաստանը և Իրանը։ Չորրորդ տեղում է ԵՄ-ն, իսկ 5-րդում՝ ԱՄՆ-ն։ Չինաստանն ունի 6-րդ գերակայությունը։ Իրանի հետ հարաբերությունները լրացված են երկու ձևաչափով՝ Հայաստան-Իրան-Հունաստան և Հայաստան-Իրան-ՌԴ։ Հարկ է նշել, ԵՄ հետ հարաբերություններում դաշինքի դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է «հենված լինեն ընդհանուր արժեքների վրա»՝ «հիմք ունենալով հայ ժողովրդի քաղաքակրթական արմատները, ազգային արժեքներն ու ավանդույթները»։

Կարճ ձևակերպմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմնորոշումն է՝ մեր հարևանները և Եվրոպան»,- պարզաբանեց փորձագետը։

Ըստ նրա` Արցախի հարցում երեք ուժերի մոտեցումները համանման են և ներառում են՝ ՌԴ խաղաղապահների երկարատև ներկայություն, բանակցությունների վերսկսում Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի տարածքի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացում։

«ՔՊ-ի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ, ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Կուսակցությունը սահմանում է, որ Հայաստանի առաջնահերթություն է այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձը։

«Հայաստան» դաշինքը նույնպես շեշտում է «ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնումը», սակայն դաշինքը «Արցախի տարածք» հասկացությունը չի կոնկրետացնում։

«Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ Արցախում ՌԴ խաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ։ Բացի դրանից՝ «Արցախին [պետք է ] վերադարձվեն Շուշիի, Հադրութի, Մարտակերտի,  Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքները, Շուշի և Հադրութ  քաղաքները»»,- նշեց նա։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային համագործակցությանը` բոլոր երեք ուժերն ընդունում են 2021 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունում սահմանված այն դրույթը, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն։ Ակնհայտ է, որ այդ դրույթի առավել խնդրահարույց տարրերից է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Այս տեսակետից երեք ուժերն ունեն տարբերվող դիրքորոշումներ։

«Ըստ ՔՊ-ի՝ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»։

«Հայաստան» դաշինքը հայտարարում է․ «առանձնահատուկ կերպով հետամուտ ենք լինելու Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակից բխող իրավունքների իրացմանը»։

Իսկ, «Պատիվ ունեմ» դաշինքը համարում է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները որևէ լավատեսության տեղիք չեն տալիս, սակայն․ «պետք է մշակվի և  իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր  մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը»,- պարզաբանեց Մանուկյանը:

Տնտեսության ոլորտում, ըստ նրա, առավել կարևոր է անդրադառնալ իշխանական նախընտրական ծրագրին։ «Այն կառուցված է յուրաքանչյուր ոլորտում՝ «ինչ ենք արել և ինչ ենք անելու» ձևաչափով։ «Ինչ ենք արել» հատվածում առկա են բազմաթիվ թվային ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը։ Մասնավորապես, 2019 թ.-ին ՀՆԱ աճը կազմել է 7.6%։ 2019 թ.-ին 2017 թ. համեմատ[3] բյուջետային ծախսերը 6.8%, այդ թվում, պաշտպանության ոլորտում՝ 7.1%, առողջապահության ոլորտում՝ 19.3%, կրթության ոլորտում՝ 3.9%, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 11.0%, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում՝ 28.8%։ Ծրագրում առկա են IT ոլորտի, փոքր բիզնեսի ոլորտի գործունեության պայմանների բարելավման, սոցիալական ոլորտում կոնկրետ բարելավումների վերաբերյալ տպավորիչ թվային տվյալներ»,- նշեց Մանուկյանը։

Ըստ նրա` կուսակցությունների նախընտրական ծրագրերի մնացած հատվածներն ունեն այդ նպատակի համար համարյա բոլոր կուսակցությունների կողմից արդեն մոտ երկու տասնամյակ որպես շաբլոն հանդիսացող կառուցվածքը։ Ներառված են պետական կառավարման, տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտները։

«Հատուկ ուշադրություն է դարձվում պատերազմի հետևանքների վերացմանը, ժամանակակից բանակի կազմավորմանը, պետական կառավարման ապարատի վերակազմավորմանը և արդյունավետության բարձրացմանը, գործազրկությանը, աղքատությանը, սփյուռքի ներուժի համախմբմանը և այլն»,- հավելեց փորձագե։

Այդուհանդերձ, նշում է Մանուկյանը, սպասվող կոնֆլիկտային քաղաքական զարգացումներում հանգուցային նշանակություն ունի ոչ այնքան արձանագրված հաջողությունները, որքան բնակչության սոցիալական վիճակն այսօր և մոտակա ժամանակահատվածում։ Դրական զարգացումները նշանակալիորեն կբարձրացնեն իշխանության, իսկ բացասական զարգացումները՝ ընդդիմության հանրային հաղորդակցության արդյունավետությունը։ Դիտենք ներկայիս վիճակը և դրա հավանական միտումները։

«— 2021 մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նշանակալիորեն աճել են հիմնական սննդամթերքի գները, այդ թվում՝ շաքարը՝ 43.3%, ձուն՝ 46.1%, բրինձը 10.9%, կաթնամթերքը՝ 11.5%, կարագը՝ 9.6%, խոզի միսը՝ 22.9%, ձուկը՝ 15.9%, յուղերն ու ճարպերը՝ 33.4%։ Սպառողական գներն աճել են 10.9%-ով։

— Գործազրկության մակարդակը մնում է շատ բարձր՝ 18%-ի մոտակայքում և, սեզոնայնության հաշվառմամբ, ըստ էության չի փոխվում։

— Չնայած 2017-2019 թթ․ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության մակարդակը 47.5%-ից նվազել է մինչև 43.8%, այդուհանդերձ այդ ցուցանիշը շատ բարձր է, իսկ նշված թանկացումներից հետո այն վստահաբար աճել է։

— Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ աճը 2021 և 2022 թթ․ համար կանխատեսել է համապատասխանաբար 3.1% և 4․3%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը, համապատասխանաբար՝ 1% և 3․5%: Նշենք, որ հասարակության լայն շրջանակները ՀՆԱ մինչև 5% աճի ազդեցությունը չեն զգում։

— Օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 2020 հուլիսից հետո ընդունել են բացասական արժեքներ՝ երրորդ եռամսյակում՝ -10.3$ և -2.7$ միլիոն դոլար համապատասխանաբար։

— Սրընթաց վատթարանում է գյուղատնտեսության ընդհանուր վիճակը։ Վերջին 5 տարիներին արագորեն նվազել են հիմնական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները, բերքատվությունը և համախառն բերքը, այդ թվում՝ հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, պտուղների, բոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի։ Բոլոր նշված ցուցանիշների կրճատումը գտնվում է 25-70% միջակայքում։

Հետևաբար, պետք է սպասել պարենի հիմնական տեսակների հետագա գնաճ»,- պարզաբանում է փորձագետը։

Սակայն, մյուս կողմից, նշում է նա, ԵՄ-ն պատրաստվում է մոտակա հինգ տարիների ընթացքում, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանին տրամադրել 1․6 միլիարդ եվրո աջակցություն։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանին նույն ծրագրով կտրվի 3.9 միլիարդ եվրո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: