հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար. Կարեն Սարգսյան

Խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար. Կարեն Սարգսյան

Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից մշակվում է ծրագիր: Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

Նա հերքեց այն պնդումը, թե ջրամբարում ջուր չկա, քանի որ անհրաժեշտ ջրի քանակն ուղղորդվում է ՀԷԿ:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի ՀԷԿ-երին: Ջրալրումն իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասցվել, տվել են ջրօգտագործողներին:

Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում այդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար՛՛:

Նա նաև հավելեց, որ ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, սակայն չմանրամասնեց, թե ինչ պլանի մասին է խոսքը:

Սարգսյանն անդրադարձավ նաև ՀԷԿ-ին և ասաց, որ այն ջրի օգտագործման թույլտվություն ունի: ՛՛Մենք հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար: Բայց, համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷԿ-ի տնօրինության հետ, որպեսզի իրենց մատակարարվող ջուրը դադարեցվի և ուղղվի ջրամբար՛՛,-նշեց Ջրային կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ ՀԷԿ-ին ջուր տալու իրավունքը տալիս է Շրջակա միջավայրի նախարարությունը:  ՛՛Նախորդ տարի ես նույն հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց ՀԷԿ-ի տնօրինությունը ինձ դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար և փոխհատուցում էին պահանջում՛՛,-ասաց Սարգսյանը:

Խոսելով այն մասին, թե ովքեր են մեղավորները,  Սարգսյանը նշեց, որ դեռ դրա մասին բարձրաձայնելը վաղ է. ՛՛Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ այն ջրաքանակը, որ տվել ենք, այդքանը չի հասել Կառնուտի ջրամբար: Մեզ հիմա պարզաբանեցին, որ այդ ջրաքանակը, որը տեղ չի հասել, տվել են ջրօգտագործողին, ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար՛՛:

Կարեն Սարգսյանի տեղեկացրեց նաև որ Կառնուտի ջրամբարը չունի 19-20 մլն խմ ջուր ծավալով ջուր ամբարելու հնարավորություն չունի: Նա ասաց, որ ջրամբարն ունի ֆիլտրացիոն հատված, 16 մլն խմ-ից ավելի չի ստացվում ամբարել, դրանից ավելիի դեպքում ջուրը գնում է:

Նա ջրօգտագործողներին խորհուրդ տվեց հետևել ձեռք բերված պայմանավորվածությանը, չխոչընդոտել ոռոգմանն ու տրվելիք ջուրն օգտագործել այն չափաբաժնով, որքանով կմատակարարվի:

Ըստ Սարգսյանի՝ ընդհանուր առմամբ այս տարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդեն 50 տոկոսով ավելի ջրամատակարարում է իրականացվել:

  • Կիսվել: