կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան

Հարգելի գործընկերներ, քանի որ երեկ ամբողջ օրը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթով ծանրաբեռնված ենք եղել քննչական, վարութային գործողություններով և դատական նիստի մասնակցությամբ, ուստի օբյեկտիվ հնարավորություն չի եղել պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Տեղեկացնում ենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով, ապա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։

 

Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- նշել է նա։

  • Կիսվել: