«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակում կարելի է ստանալ ծախսերի 50 տոկոս փոխհատուցում
Տնտեսավարողները, «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրին դիմելով, կարող են ստանալ ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, իսկ զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բնակիչները՝ 70 տոկոսի չափով:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իրազեկող տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով աջակցության ծրագրի մանրամասները:
«Ծրագրի 2-րդ բաղադրիչով շահառուներին կտրամադրվի վարկ 2% տոկոսադրույքով, իսկ զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց կամ կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բնակիչների համար 0 տոկոս տոկոսադրույքով»,–նշել է Պապոյանը:
Նախատեսված է «Խելացի» անասնաշենքերի երեք մոդել: Առաջին մոդելը նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ: Երկորրդ մոդելը նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, առավելագույն ծախսը՝ 46 մլն դրամ: Երրորդ մոդելը՝ 95-100 կենդանու համար, առավելագույն ծախսը սահմանվել է 114 մլն դրամը։