հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Կֆինանսավորվի Սիսիանի և Քաջարանի միջև նոր՝ 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասը

Կֆինանսավորվի Սիսիանի և Քաջարանի միջև նոր՝ 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասը

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2024թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը՝ 236 մլն եվրո գումարի չափով:

Նախատեսված միջոցներն ուղղվելու են Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր՝ 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը:

Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածով՝

1. Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ,

2. Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,

3. Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

«Ճանապարհը կունենա ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներ, հյուսիսային հատվածում կկառուցվեն նաև 3 թունել, 16 կամուրջ, 83 հեղեղատար, 28 բետոնե հենապատեր: Համանման աշխատանքներ են նախատեսվում հարավային հատվածում: Ունենք 5 թունելներ, 11 կամուրջներ, 68 հեհեղատարներ, 43 բետոնե հենապատեր, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում: 

Ծրագիրը թույլ կտա կրճատել ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 58 կմ-ով, կնվազի նաև երթևեկության տևողությունը, կբարձրանա երթևեկության հարմարավետությունը»,- ասաց Ղալեչյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսվում է, որ այս ենթակառուցվածքը կսպասարկի օրական 10 հազար միավոր տրանսպորտային միջոց:

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբերը (շինարարության ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ՝ 2033թ. դեկտեմբեր): 

  • Կիսվել: