չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կենսառեսուրսների պաշարների անկում ունենք. Գաբրիելյան

Կենսառեսուրսների պաշարների անկում ունենք. Գաբրիելյան

Այս տարի Շրջակա միջավայրի նախարարությունն անվստահություն է հայտնել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ նշելով, թե տրամադրվող տվյալները ճշգրիտ չեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանկ ասաց վերոնշյալ կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ խոսքն իրենց կատարած ուսումնասիրություններից ստացված տվյալների մասին է, իսկ իրենք հետազոտում են ոչ միայն կենսառեսուրսների պաշարները, այլև գետերը: Նա հավելեց նաև, որ տարվա սկզբին իրենց ուզում էին զրկել նաև ուսումնասիրությունների համար հատկացված գումարից, սակայն այդպես չարվեց: Խոսքը պետպատվերի մասին է: Ըստ բանախոսի՝ պատճառը գուցե այն էր, որ ինքն ասել էր, թե տրամադրվող գումարը բավարար չէ:

Գաբրիելյանն ասաց, որ իրենց կենտրոնը ԳԱԱ-ի օգնությամբ ձեռք է բերել ձայնաորսիչ սարք, որի միջոցով կենսառեսուրսների պաշարների ուսումնասիրությունն ավելի հաճախ կարող են իրականացնել, ըստ այդմ էլ՝ ստացված տվյալներն ավելի օպերատիվ կլինեն: «Սարքի համար ծրագրային փաթեթ դեռ չունենք, հույս ունեմ, որ նախարարությունը կօգնի, որ ձեռք բերենք»,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է կենսառեսուրսների պաշարներին՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին ղեկավարն ասաց, որ այս տարի ձկնային և խեցգետնային պաշարների վիճակը, համեմատած նախորդ տարիների հետ, շատ ավելի վատ է: «Նախորդ չորս տարվա ընթացքում սիգի պաշարների բարձրացում ունեինք, իսկ այս տարի անկում ունենք: Խեցգետինների պաշարներն էլ տասն անգամ ընկել են՝ վերջին տարիների հետ համեմատ»,-ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ խեցգետնի պաշարների անկումը կապված է գերորսի և ափամերձ գոտում տարածված հիվանդության հետ, ուստի իրենք ցանկանում են նախարարությանն առաջարկել՝ 2020-ին արգելել խեցգետնի որսը նշված հատվածներում:

 

  • Կիսվել: