հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԲ-ի ստեղծած լուծարային հանձնաժողովը հավաքում է Varks.am-ի վարկերը. 2630 քաղաքացու դեմ հայց է ներկայացվել

ԿԲ-ի ստեղծած լուծարային հանձնաժողովը հավաքում է Varks.am-ի վարկերը. 2630 քաղաքացու դեմ հայց է ներկայացվել

«Վարկս ԷՅ ԷՄ» վարկային կազմակերպությունը լուծարումից մինչ օրս շուրջ 2630  քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ Կենտրոնական բանկը 2020թ. մարտի  24–ի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի վարկային գործունեության լիցենզիան, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության, հատկապես այս վարկային կազմակերպությունից վարկեր վերցրած քաղաքացիների շրջանում։ Մարդիկ հույս ունեին, թե COVID-19 -ով պայմանավորված իրավիճակում իրենց վարկերի մարումները կսառեցվեն և դժգոհությունների բուռն ալիք սկսվեց, մինչդեռ  ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով սկսեց աշխատանքներ տանել varks.am-ի վարկերը  ժամկետից շուտ հավաքագրելու ուղղությամբ։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ  լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։  Նշենք, որ վարկային կազմակերպությունը հաճախորդներին հնարավորություն էր տվել իրականացնել պարտավորությունների վերակառուցում, այսինքն նախանշված ժամկետում մայր գումարի առնվազն 15%-ի չափով վճարման դեպքում  նրանց տրամադրել 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար, սակայն անգամ այս պարագայում հազարավոր հայրենակիցներ չեն կարողացել կատարել սահմանված վճարումները և հայտնվել են դատարանի առաջ։ Ստացվում է, որ  «Վարկս ԷՅ ԷՄ»–ի լուծարումից ոչ միայն ավելացավ տուժած քաղաքացիների թիվը, այլև դրանից շահեցին բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։

  • Կիսվել: