չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կայացել է «Առողջության առաջնային պահպանում» սիմպոզիումը Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

Կայացել է «Առողջության առաջնային պահպանում» սիմպոզիումը Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

Հուլիսի 6-ին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի է ունեցել ՀԵՆԱՐ հիմնադրամի կազմակերպած «Առողջության առաջնային պահպանում» թեմայով սատելիտային սիմպոզիումը։

ՀԵՆԱՐ հիմնադրամը հանդես է գալիս՝ որպես Համագումարի գործընկեր։ Սիմպոզիումի ընթացքում փորձագետները Առողջության Առաջնային Պահպանման (ԱԱՊ) համակարգի միջազգային մասնագետների հետ կիսվեցին ոլորտի արդյունավետ կառավարման համաշխարհային լավագույն փորձով։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանի խոսքով՝ ԱԱՊ համակարգը առողջապահության ոլորտի հիմքն է, և այս օղակը մշտապես ՀԵՆԱՐ հիմնադրամի առաջնահերթությունն է։

«Մենք ուրախ ենք տրամադրել այս հարթակը առողջապահության ոլորտի հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներին՝ առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները բարձրաձայնելու և համատեղ ուժերով լուծումներ փնտրելու համար։ Սերտ համագործակցությունը պետական և մասնավոր հատվածը ներկայացնող բոլոր փորձագետների հետ չափազանց կարևոր է ԱԱՊ օղակի վերափոխումն ու զարգացումը խթանելու համար», – ասում է Արման Ոսկերչյանը։

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը նշում է, որ արդեն մեկ տարի է՝ առողջության առաջնային պահպանման համակարգում գլոբալ բարեփոխումներ են սկսվել, որոնք ուղղված են էլեկտրոնային առողջապահության դերի բարձրացմանը, որակական մասնագիտական զարգացմանը, աշխատավարձերի բարձրացմանը, շենքային և գույքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կադրային քաղաքականության բարեփոխումներին։

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:

ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, և Արման Ոսկերչյանը։

  • Կիսվել: