երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կաշվի արտահանումը վեց ամսով արգելվեց

Կաշվի արտահանումը վեց ամսով արգելվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց վեց ամսով արգելել կաշվի արտահանումը Հայաստանից: Արգելքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ծագում ունեցող խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների, գառների անմշակ կաշիներին։

Որոշումը բացատրվում է նրանով, որ այժմ Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Հայկական կաշի վերամշակող ընկերություններում մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Կառավարությունն այս որոշմամբ նախատեսում է Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկրի։

Արգելքը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխմանը։

Հիմա հայաստանյան արտադրողները իրացնում են ինչպես պատրաստի, այնպես էլ կիսապատրաստի կաշի (վերջինը կազմում է ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը): Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը (ամբողջ արտադրանքի 65%-ն արտահանվում է ըստ արտադրողի)` արտերկրում։

Երևանի և Մասիսի գործարանները հիմնականում իրականացնում են խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ), իսկ Գյումրու գործարանը՝ ոչխարների կաշվի վերամշակում։

Բոլոր գործարանները միասին այս պահին վերամշակում են ամսական 230-250 տոննա ԽԵԿ մորթեր (14 000-15 000 հատ ԽԵԿ չմշակված մորթեր), որից ստացվում է 3.5-4 մլն դմ² կաշի, ինչպես նաև 4000-5000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 230-270 հազ դմ² կաշի։ Միևնույն ժամանակ արտադրական ներկա ամբողջ հզորությունների կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել ամսական շուրջ 335 տոննա ԽԵԿ մորթեր (20 000-22 000 հատ ԽԵԿ չմշակված մորթեր), որից ստացվում է 5.5-6 մլն դմ² կաշի, ինչպես նաև 9 000-10 000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 410-500 հազ դմ² կաշի։

  • Կիսվել: