երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարմիրգրքյան ծաղկի վերացող տեսակը՝ Երևանի փողոցներում. ՇՄ նախարարությունը հիշեցնում է տուգանքի մասին

Կարմիրգրքյան ծաղկի վերացող տեսակը՝ Երևանի փողոցներում. ՇՄ նախարարությունը հիշեցնում է տուգանքի մասին

Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։
 
Շտերնբերգիա Ֆիշերի
 
Կատեգորիա
 
CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառակուսի կմ-ից պակաս է:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:
 
Նկարագրություն
 
Բազմամյա սոխուկավոր բույս՝ 10-15 սմ բարձրությամբ: Սոխուկները կլոր՝ 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարությամբ: Ծաղիկները՝ վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարությամբ կոթունով: Տուփիկը՝ 10-15 մմ տրամագծով, երկարավուն, էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:
 
Տարածում
 
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:
 
Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:
 
Հիշեցում
 
Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25000 դրամ, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

  • Կիսվել: