ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևորվել է ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում

Կարևորվել է ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ Կառավարության ջանքերին սատարելու համար:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում, փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: 

  • Կիսվել: