ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը. Փաշինյան

Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը. Փաշինյան

Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։ Այսօր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա խոսել է ԱՊՀ երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների մասին, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացում, գիտաարտադրական գոտիների ձևավորում և այլն։
 
«Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը խոսել է նաև գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի սրվող բնապահպանական խնդիրների մասին։ Ըստ նրա` շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է:
 
«Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,– շեշտել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Այն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։
Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։

  • Կիսվել: