երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել  գյուղատնտեսության ոլորտում իրականացվող  մի շարք ծրագրերում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման նպատակային ուղղություններ՝ մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում, անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում, անասունների, թռչունների և ճագարների ձեռքբերում, անասնակերի ձեռքբերում, սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում, գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում և այլ: Որոշմամբ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին փոփոխելու վարկի նպատակային ուղղությունը՝ այդ մասին դիմում ներկայացնելով ֆինանսական կառույցին, փոփոխելու վարկի մարման և արտոնյալ ժամկետը, դարձնելով համապատասխանաբար՝ 3 տարի և 6 ամիս:

Մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոռոգման արդիական համակարգերի ներդրման խրախուսմանն ուղղված ծրագրում: Կարգավորման նպատակն է` ավելացնել ոռոգման արդիական համակարգեր ներդնող շահառուների թիվը, հետևաբար նաև ոռոգվող հողատարածքները։ Առաջարկվում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցումն ավելացնել և 22 տոկոսի ու 25 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս: Բացի ջրավազանների կառուցումից, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում նաև ընդլայնել առկա ջրավազանները։ Ջրավազանների կառուցման կամ ընդլայնման հնարավորություն է տրվում նաև համայնքներին։ Ծրագրից հանվել է հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկի հրապարակման պարտադիր պահանջը՝ հնարավորություն տալով տնտեսավարողներին ինքնուրույն ընտրել համապատասխան ծառայություն մատուցող կառույցին։ Միաժամանակ, որոշմամբ այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է   կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում վարկը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ  հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

Գործադիրը փոփոխություներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում  2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, վարկի տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է։ 

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրում ևս  փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի ներառման, վարկերի տրամադրման պայմանների և վարկավորման գործընթացի հստակեցման համար։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրում նշված մոդելների գնահատված ծախսերին: Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։

Նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ-ում  ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է: Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնող, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող լիզինգառուների կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը 1000 մլն դրամից իջեցվում է մինչև 200 մլն դրամ: Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության ծախսերը ֆինանսական կառույցների փոխարեն կատարվելու է լիզինգառուների հաշվին։  

Մհեր Գրիգորյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ համարել  ծրագրի պոտենցիալ շահառուներին նախատեսվող կարգավորումների վերաբերյալ  պատշաճ իրազեկումը: 

  • Կիսվել: