շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել վարկով ձեռք բերված նոր հոսքագծերի տեղակայման ծախսերի մի մասը

Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել վարկով ձեռք բերված նոր հոսքագծերի տեղակայման ծախսերի մի մասը

Կառավարությունը խրախուսում է ընկերություններին՝ ձեռք բերելու նոր սարքավորումներ ու հոսքագծեր, և պատրաստ է սուբսիդավորել դրանց ձեռքբերման համար վերցված վարկերի տոկոսի ծանրակշիռ մասը: Ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, և կարողացել է ապահովել մոտ 100 միլիարդ դրամի սարքավորումների ձեռքբերում:

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ծրագիրը «լավ տեմպով» առաջ է գնում, բայց կան նաև «լավացման այլ հնարավորություններ»:

«Մենք այս ծրագրով առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորենք սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերը, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ որ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները ճիշտ միջավայր ապահովեն այդ սաքավորումների աշխատանքի համար»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ փոփոխություններից մեկը վերաբերում է գործողությունների ժամկետը 1 տարով երկարացնելուն, քանի որ ծրագիրը տնտեսական արդյունավետություն ունի:

ՀՀ վարչապետը ծրագիրը «հաջողված» որակեց և մանրամասնեց, թե ինչ նպատակով է այն իրագործվում:

«Ուզում ենք, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծանա, որովհետև մենք անընդհատ լսում ենք մեր տնտեսագետներից, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն՝ մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան ինչքան և ինչպես աճում է մեր տնտեսությունը, այսինքն՝ կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը այդ առումով, և մենք ուզում ենք, որ մեր տնտեսության զարգացման պոտենցիալն ավելանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: