Կառավարությունը լծված է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գործին. Աբրահամյան
Կառավարությունը լծված է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գործին: Այս մասին այսօր «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ ասաց Տարածքային ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրահամյանը՝ հաելելով, որ տարբեր քննարկումներ են ընթանում տարբեր երկրների հետ, որպեսզի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտին նոր ատոմակայան ունենանք:
Ասվածի առնչությամբ կարծիք հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը: Նրա խոսքով՝ եթե նոր ատոմակայան կառուցվի, նրա արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 40-50 դրամ է լինելու՝ մեկ կիլովատ ժամի համար, իսկ արեւային կայաններն այսօր արտադրում են էլեկտրաէներգիա՝ մեկ կիլովատ ժամի համար 12 դրամով՝ առանց կուտակելու, կուտակելու դեպքում կդառնա մոտ 20 դրամ։ Այսինքն՝ ատոմակայանը զուտ ֆինանսապես երբեք չի կարող մրցակցել արեւային էներգետիկայի ոլորտի հետ։
Ջհանյանի խոսքով՝ գործող ԱԷԿ-ը մինչ այժմ գործում է զուտ այն պատճառով, որ դրա կապիտալ ծախսերն արվել են ԽՍՀՄ ժամանակ եւ էներգիայի ներկայիս գնի մեջ կապիտալ ծախսերը ներառված չեն։
Արձագանքելով՝ Աբրահամյանը նշեց, որ ատոմային տեխնոլոգիաները նույնպես զարգանում են: Նա, սակայն, չակերտները չբացեց՝ ասելով, որ դրա իրավունք չունի, այլ միայն հավաստիացրեց, որ գործընթացներում ամեն ինչ հաշվի է առնվում։
Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, Վարդան Ջհանյանը կարծիք էր հայտնել, որ 5-10 տարի հետո Հայաստանը այլեւս գազ չի օգտագործի էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ կանցնի արեւային էներգիայի։
Հիշեցնենք նաև, որ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացվել է եւ ավարտվում է 2036-ին:


