ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԷԿ
2026 թվականի օգոստոսի 5-7-ը Հայկական ատոմային էլեկտրակայան են այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային վարչության (DOE/NNSA) Միջազգային միջուկային անվտանգության գրասենյակի (INS) և Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի (PNNL) ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԵԿ-ից։
ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել PNNL-ի լաբորատորիայի ղեկավար Մայքլ Քարը, DOE/INS-ի երկրի ղեկավարի տեղակալ Լիլիթ Ավոյանը և ֆիզիկական պաշտպանության հարցերով փորձագետ Ջեյմս Բոնիլան։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության միջև համագործակցության ընթացիկ ծրագրերը, իրականացված աշխատանքների արդյունքները և հետագա համագործակցության հեռանկարները։
Այցի շրջանակում մասնագետները ծանոթացել են իրականացված արդիականացումներին, քննարկել դրանց գործնական կիրառմանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր։ ՀԱԷԿ-ի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ աշխատանքների կարգավիճակին և համագործակցության հետագա ուղղություններին։
ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջև երկարամյա համագործակցությունը նպաստում է կայանի ֆիզիկական պաշտպանության համակարգերի շարունակական կատարելագործմանը և անվտանգության ամրապնդմանը։



