Կառավարությունը կարգավորում է սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմները
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացում առաջացած մի շարք խնդիրների լուծման նպատակով Կառավարությունը նախատեսում է կատարել օրենսդրական ճշգրտումներ։ Այս մասին ապրիլի 30-ի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ հաճախ սոցիալական ծախսերը կատարվում են ոչ թե անմիջապես հայտարարատուի, այլ նրա հարազատի կամ մեկ այլ անձի կողմից։ Այս իրավիճակներում ծագել է իրավական անորոշություն փոխհատուցման հարցում։
«Առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվեն, եթե դրանք փաստացի կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս ժամկետից հետո փոխհատուցման իրավունքը կվերապահվի միայն այն դեպքերին, երբ ծախսը կատարվել է անմիջապես հայտարարատուի կողմից։ Այս փաստը պետք է հաստատվի ծառայությունը մատուցող կազմակերպության, օրինակ՝ բուհի, համապատասխան հաստատմամբ»,- պարզաբանեց նախարարը։
Մեկ այլ խնդիր կապված է առողջության ապահովագրական փաթեթների հետ, երբ գործատուն ապահովագրական պայմանագրի կողմն է, սակայն վճարները հետագայում փոխհատուցվում են աշխատողի միջոցներից։ Նման դեպքում հաշվարկային փաստաթղթերը տրամադրվում են գործատուի անունով, ինչը խոչընդոտում է փոխհատուցումը։
«Սահմանվում է կարգ, ըստ որի՝ աշխատողի կատարած ապահովագրավճարների փոխհատուցումը հնարավոր կլինի, եթե գործատուն ապահովագրական ընկերությանը տրամադրի տեղեկանք, որ աշխատողը փոխհատուցել է վճարը։ Այս դեպքում փաստաթուղթը կարող է դուրս գրվել գործատուի անունով՝ նշելով աշխատողի տվյալները»,- մանրամասնեց Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նաև անդրադարձավ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների խնդրին, երբ քաղաքացին համայնքի բյուջե է վճարում, օրինակ՝ մանկապարտեզի վճար, սակայն համայնքն այդ ծառայությունն իրականացնում է իր կառույցի՝ ՀՈԱԿ-ի միջոցով։
«Այս դեպքում նախատեսվում է, որ հաշվարկային փաստաթուղթը կարող է դուրս գրվել ոչ թե համայնքի, այլ համայնքային ՀՈԱԿ-ի անունից, որն էլ փաստացի է մատուցում ծառայությունը։ Սա թույլ կտա քաղաքացիներին սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ նաև համայնքային մանկապարտեզների և այլ կրթական ծառայությունների համար»,- հավելեց նախարարը։