հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային։

Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ 

Նախագծի ընդունումը պայ­մա­նավոր­ված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացման անհրաժեշտու­թյամբ:

Կոնվենցիան ստո­րագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետու­թյունների գործարար շրջանակների համար փոխա­դար­ձության սկզբունքով սահման­վում են եկամուտների ստացման երկրում հիմնա­կան եկամտա­տեսակների` շահաբաժինների, տոկոս­ների, ռոյալթիների հարկ­ման պայման­ները և դրույքաչափերը:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն Կոնվենցիան ենթակա է վավերացման:

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­­­թյուն­ներից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զար­գացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպա­տակով: 

 

  • Կիսվել: